Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․
«Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։
Սաղաթելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այնքան երկրորդական են դա համարել, որ մինչև այս պահը խմբակցությունով ամբողջական քննարկում չեն ունեցել։
«Մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար, դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»,- նշել է Սաղաթելյանը։