ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը մեծապես կարևորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերին: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գոյությունը՝ հայցելով խորհրդարանականների աջակցությունը կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման համար:
Գերմանացի գործընկերները նշել են, որ կենտրոնին առնչվող հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են՝ ներկայացնելով դրա կենսագործունեության ուղղությամբ արդեն իսկ տարված աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կամրացնի հայ-գերմանական համագործակցությունը: Գերմանական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ նախագիծն իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական արժեքներ կրող երկիր: «Մեզ մոտ ընդունված է ասել՝ մենք շուտ ենք արթնանում:
Սա նշանակում է, որ օպերատիվ ենք և կարողանում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին»,- նշել է Գուննար Շելլենբերգերը՝ անդրադառնալով հեռանկարային համագործակցության հետագա ծրագրերին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր: