«Ռոսատոմը» առաջարկել է Բաքվին կառուցել ԱԷԿ. լրագրողներին այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը ։ Մենք առաջարկում ենք հզոր կայան։ Այս ոլորտում Ադրբեջանի յուրահատկությունն այն է, որ էներգետիկ պաշարները մեծ արագությամբ սպառվում են»- նշել է Ալեքսեյ Լիխաչովը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիխաչովն ընդգծել է, որ նախկինում Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի կառուցման ծրագրեր ունեցել է և Բաքվի շրջակայքում արդեն կան կայանի հիմքերը:
Նշենք, որ Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շրջանակներում Պուտինն առաջարկել է Ալիևին անդրադառնալ ԱԷԿ-ի կառուցման հարցին։ Ադրբեջանի ղեկավարը խոստացել է ուսումնասիրել այդ հարցը ։ «Թեմայի շուրջ խոսակցություն է եղել նախագահների միջև։ Վլադիմիր Պուտինն առաջարկել է, իսկ Իլհամ Ալիևը համաձայնել է առնվազն այդ հարցը խորապես ուսումնասիրել», – իր խոսքում նշել է Ռոսատոմի նախագահը։
Նշենք, որ Ռոսատոմը Ռուսաստանում ԷլեկտրաԷներգիայի խոշորագույն արտադրողն է ՝ ապահովելով երկրի էներգետիկ պահանջների ավելի քան 18%-ը: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ, իրականացման տարբեր փուլերում են գտնվում 36 էներգաբլոկներ 12 երկրներում: Ռոսատոմն աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում ուրանի պաշարներով և 4-րդը՝ դրա արդյունահանման ծավալով։