Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը:
«Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ այս ծրագրի շրջանակում ուրախ կլինի ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել մեր երկրում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական կառավարման համակարգի և մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին: