«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետեւ սպանդանոցները չէին կառուցվել, եւ գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը:
Միեւնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը:
Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետեւում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, եւ ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետեւ լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ:
Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային եւ մեքենաների վթարների պատճառ դառնում: Վերջերս հրապարակվել էր, որ ինքնագլորներից տուժած մոտ 5 տասնյակ քաղաքացի է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Եթե այս հանգամանքն է անհանգստացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին ու Զարուհի Բաթոյանին, ու որոշել են ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում կազմակերպել խորհրդարանում, ապա փառք տանք Աստծուն, որ քաղաքացիների առողջությունը նրանց գոնե անհանգստացնում է:
Փաստենք՝ ինքնագլորների մասին միամտորեն կարծիք հայտնող իշխանավորներն անմեղի հայացք ընդունելու իրավունք պարզապես չունեն: Ինչու՝ քանի որ դրանք Հայաստան բոլորովին վերջերս են ներկրվել, ու եթե դրանց շարժի համար պատասխանատու մարմինները՝ ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան թույլտվություն չտային, ապա մարտկոցով գլորվող «սամոկատները» Երեւանի փողոցները չէին գրոհի, հետեւաբար պատգամավորների քննարկումը ուշացած է, զարմանքն՝ անտեղին:
Ցանկացած երեւույթ ի սկզբանե պետք է քննարկել, հաշվարկել ռիսկերը, ապա նոր միայն թույլտվություններ ընծայել ու կանաչ լույս վառել: Իհարկե, բացառված չէ, որ իշխանավորները հերթական անգամ կարող են նախկիններին մեղադրել, որ, ենթադրենք, սաբոտաժ անելու համար հենց նրանք են դիտմամբ ինքնագլորների տակ նետվում (Աստված նրանց «հեղափոխական» երեւակայություն է տվել, չի խնայել), բայց փաստն այն է, որ դրանք ո՛չ նախկիններն են ներկրել, ո՛չ էլ, առավել եւս, դրանով իշխանություն վերցնելու հայտ են ներկայացրել: Դուք եք թույլ տվել. սեթեւեթանքը անտեղի է եւ չընկալվող»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասում եք, որ էն պարգեւավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել է պաշտոնյաներին, կարելի էր հատկացնել թոշակառուներին։ Ուրեմն այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար». սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի ապրիլի 6-ին, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այսպիսով, որքա՞ն պարգեւավճարներ են բաժանվել 2020 թվականին. Ազգային ժողով՝ 1 մլրդ 416 մլն դրամ, ՀՀ ՊԵԿ՝ 5 մլրդ 578 մլն դրամ, Քննչական կոմիտե՝ 1 մլրդ 451 մլն դրամ, 12 նախարարություն՝ 5 մլրդ 90 մլն դրամ, ՀՀ ոստիկանություն՝ 8 մլրդ դրամ, եւ այսպես շարունակ։
Ընդհանուր 25 մլրդ դրամ է կազմել պարգեւատրման ֆոնդը, այսինքն՝ իրականում պարգեւավճարների համար նախատեսված գումարները շատ ավելի շատ են, քան իր խոսքում ասում էր Փաշինյանը։ Ինչպես հաճախ է պատահում, նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2018 թվականի հունվարի 17-ին բարձրացնելով պարգեւավճարների թեման, նաեւ հարց էր հնչեցնում, թե այդ դեպքում ինչ ուտեն աղքատները, եւ տարբերակներ թվում՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ, տաքդեղ։
Սակայն հեղափոխությունից չորս տարի անց նա մոռացավ աղքատներին, թոշակառուներին օգնելու իր առաքելության մասին, թույլատրեց պարգեւավճարներ բաժանել ու բարձրացրեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այնինչ երկար ժամանակ նա դեմ էր հենց բոլոր տեսակի պարգեւավճարներին։ Կրկին խաբեց»։