ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Արցախում այլընտրանքային ճանապարհի կառուցման և Բերձորի միջանցքի բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու վերաբերյալ։
«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել»,-նշում են դաշինքից։
Ըստ ընդդիմադիրների՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ «Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է միջազգային նորմերի լույսի ներքո»,-նշում են դաշինքից։
Ըստ նրանց՝ ականատես ենք լինում միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ։ «Օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է»,-ընդգծում են ընդդիմադիրները։
«Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես միջազգային կառույցները։
Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։
Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը:
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։