Հայաստանի Հանրապետության ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու է պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններում ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: