Վիտալի Շիշկինին՝ փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
«Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: Մինչդեռ, պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը ԶԼՄ-ին միջնորդավորված կերպով կհանգեցնի վերը նշված օրենքի խախտմանը»,- ընդգծեց Դավթյանը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն նաև հայտնեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:
Միևնույն ժամանակ ՀՀ Միգրացիոն ծառայությունը չի էլ հերքում, որ տրամադել է ապաստան ռուսաստանցի քաղաքական գործչին՝ հղում կատարելով «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին և միջազգային պարտավորություններին:
Նշենք, որ ռուս ընդդիմադիր հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ն իրեն քաղաքական ապաստան է տվել:
«Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»,- գրել է Շիշկինը:
Վիտալի Շիշկինը հրապարակել է փաստաթուղթ, որում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը նրան քաղաքական ապաստան տրամադրել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում: