Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բակո Սահակյանի ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ»:
Բակո Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ նշանակալի ներդրում է ունեցել Արցախի անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասված է ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձում: