Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որում ասված է, որ թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։
«Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։
Պատմության արհավիրքներն անգամ չեն կարողացել խաթարել Եղիսաբեթ Երկրորդի անկոտրում կամքը։ Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։
Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։
Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը: Նրան կփոխարինի որդին՝ Չարլզ, որը վերցրել է Կարլ III անունը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում 96 տարեկան հասակում: