«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ առաջիկա լիագումար նիստերին, սակայն նստաշրջանի բացման օրը՝ սեպտեմբերի 12-ին, երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով քննարկում են նախաձեռնել։
Լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից:
Մեզ հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տարածած հայտարարության համաձայն՝ չեն մասնակցելու «ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին»։
Մեր հարցին, թե առաջիկա նստաշրջանն այդպիսի՞ն է, քանի որ հայտարարությունում չեն նշվում կոնկրետ ամսաթվեր, Սաղաթելյանն ասաց՝ լիովին:
Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս է անցկացնելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը սեպտեմբերի 12-ը, պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ մասնակցելու է քննարկմանը, իսկ ԱԺ նիստերին մասնակցության մասին նոր որոշում ունենալու դեպքում կհայտարարեն: Դեռևս նախկինում հայտարարված դիրքորոշումից տարբերվող որոշում չկա:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության կազմակերպած քննարկումը տեղի կունենա «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես․ «Հայաստանի իրական օրակարգը․ անվտանգային մարտահրավերներ»։