Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է հենց դիրքերի ուղղությամբ և հենց դիրքերում է եղել այդ փոփոխությունը։ Տեղ է եղել՝ դիրքը հետ է վերցվել մեր կողմից, տեղ է եղել՝ իրենք են ինչ-որ հաջողության հայտնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, երեկվա ինքնաբուխ հավաքին, նա նշել է․ «Դա հայ ժողովրդի հետ որևիցե կերպ կապ չունեցող գործելաոճ է։ Շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին»։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հավելենք նաև, որ խորհրդարանական ընդդիմության 35 պատգամավորներ ստորագրել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: