ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քննարկել են Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Բլինքենը հայտնել է իր Twitter-ում։
«Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր: ԱՄՆ-ն շարունակում է կողմերին կոչ անել ներգրավվելու խաղաղության գործընթացին, քանի որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- գրել է Բլինքենը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: