Ադրբեջանն այդպիսի բան չի ասում, և այդպիսի բան ասողները վստահաբար իրավացիորեն չեն կարող դա ասել: «Ադրբեջանն իրավացիորեն ասում է» ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա: Այսօր Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի հարցուպատասխանի ժամանակ ասյպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլուի հայտարարությանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, թե Զանգեզուրի միջանքն ու Լաչինի միջանցքը պետք է նույն կարգավիճակը ունենան», Միրզոյանը հավելեց.
«Բանակցություններում Ադրբեջանի կամ ադրբեջանցիների ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը: Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա, երևի, լավ կլինի իր անունից ասի: Ադրբեջանն այդպիսի բան չի ասում, և որևէ կողմ իրավացիորեն չի կարող նման բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հետագայում բացվելու են 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ: Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ հայության համար, և կա տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքերի ապաշրջափակման թեմա: Այս համատեքստում խոսվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին: Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, որը չի փոխվել. բոլոր ճանապարհները պետք է գործեն: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս առումով որոշակի առջընթաց կա: Ես լավատես եմ այն հարցում, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում կարող են հաջողությամբ ավարտվել»:
Ինչ վերաբերում է Չավուշօլուի կողմից իր հետ հանդիպելու պատրաստականություն հայտնելուն, Միրզոյանը նշեց, որ ինքը ևս դեմ չէ հանդիպել. «Այս հանդիպումների ընթացքում կողմերն անկեղծորեն ու լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հատատման և սահմանի բացման ուղղությամբ»:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներին, Միրզոյանը նշեց, որ պատրաստ են նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ կատարել:
«Ուրիշ բան, որ զուգահեռ այս բանակցությունների, Ադրբեջանի կողմից շարունակաբար ոչ կոնստրուկտիվ, ես կասեի՝ առավելապաշտպական պահվածք է դրսևորվում: Նաև տեսնում ենք ուժի գործադրման կամ ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Նման գործողություններ չեն նպաստում կառուցողական բանակցություններին»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է Լաչինի և Զանգեզուրի միջանցքների համարժեքության մասին: Նա նշել է, որ «Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը, որը նման է Լաչինին»։
Մանրամասները՝ տեսանյութում: