Հայաստանը նշանակալի ներդրում ունի ԵԱՏՄ զարգացման գործում: Այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմի նիստում։
Նա նշեց, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է, «տարեվերջին այդ ցուցանիշն էլ ավելի բարձր կլինի»։
«Հնգյակի բոլոր երկրների համակարգված գործողությունների շնորհիվ մեր միության ինտեգրումը որակապես նոր մակարդակի է հասել»,- ասեաց Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ միությունում արդյունաբերական արտադրությունն աճել է 20%-ով՝ երկու անգամ ավելի, քան Եվրամիության համանման ցուցանիշները։
«Մեր ԵԱՏՄ-ում անցյալ տարի գործազրկության մակարդակը 5%-ից ցածր էր, ինչը զգալիորեն ցածր է համապատասխան ժամանակաշրջանի համաշխարհային և, մասնավորապես, եվրոպական համանման ցուցանիշներից»,- ասաց Միշուստինը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Երեւան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները, ինչպես նաեւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։
Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը և գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման գործընթացը։ Հանդիպման արդյունքում նախատեսվում է ստորագրել որոշումներ, որոնք նախատեսում են եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն ձևաչափով նիստում իր ելույթում ասաց, որ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,8 մլրդ դոլար՝ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 74 տոկոսով։ Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 58%-ով:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետների, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ։ Միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակը 2021 թվականին, ԵԱՏՄ երկրների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերը, ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթը կլիմայական օրակարգով, ներմուծման մաքսատուրքերի վարկավորման և բյուջեների միջև բաշխման հարցերը։