Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական շուկաների ձևավորման շրջանակներում օրենսդրությունը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին, որը կլուծի ԵԱՏՄ երկրների համար գազի շուկայում գնագոյացման հարցը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
«Սա շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս գոնե միջնաժամկետ հեռանկարում գնային հորիզոնի ըմբռնման կարիք ունենք»,- ասել է նա:
Հակառակ դեպքում, նշել է Փաշինյանը, ԵԱՏՄ երկրները չեն կարողանա օգտվել գազի ընդհանուր շուկայի ներուժից մինչև երկկողմ պայմանավորվածությունների ավարտը։
«Սա դառնում է տնտեսական ինտեգրման ներուժի իրացման անհրաժեշտ պայման և ռեսուրսային հարթակ՝ արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման համար»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցում Երևանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով միության երկրների շահերը՝ կարգավորելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի որոշ դրույթներ, ինչը թույլ կտա Միության երկրներին ամբողջությամբ օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։
Ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, Եվրասիական տնտեսական միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը և, չնայած քաղաքական լարվածությանը և աշխարհում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, միությանը այս տարի հաջողվել է դրական արդյունքների և փոխադարձ առևտրի միտումների հասնել։ Այսպես, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74 տոկոսով։ Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 58%-ով։
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում։