Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այսօր կայացած հանդիպմանն ընդգծել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
Ալեն Սիմոնյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ ջերմությամբ է հիշում Թեհրանում հունիսին տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը:
Նա ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարևանային հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները: «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարևոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում մեր երկրի հյուպատոսություն բացել Թավրիզում:
ԻԻՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:
Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի:
Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա էին Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։