Ռուսաստանի Դաշնության խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հանրության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար», – գրել է Կոսաչևը:
Նա հստակեցրել է, որ նկատի ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմների գործարկումը՝ այդ «եռակողմ» խնդիրը կյանքի կոչելու համար։
«Դաշնային խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են», – նշել է Կոսաչովը:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Գագաթնաժողովի արդյունքներով Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ այն մասին, որ կողմերը ձեռնպահ են մնում ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, ընդգծում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայության պահանջվածությունը: