Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական ժամի շրջանակում պատասխանել է պատգամավորների հարցերին՝ կապված նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ակնկալիքների հետ, որտեղ դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի տեսլականը Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Վարչապետը մեկնաբանել է նաև Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ ռուսական կողմի նախաձեռնությունը։
ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրեբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ուենցած դիրքեր: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Ըստ էության միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը և հույս ունենք որ ՀԱՊԿ-ը նույնպես այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե տարօինակ է իրավիճակը, որովհետև թվում էր, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը հստակ պետք է պաշտպաներ և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք: Եվ ես հույս ունեմ ՀԱՊԿ գագաթաժողովին այս կոնսեսուսը կարձանագրենք, սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Ես ուզում եմ շատ հստակ լինել. մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, ո՛չ»,- ասաց նա և նշեց, որ իրենք ասում են, թե ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի համար, քանի որ դա չափազանց կարևոր է:
«Ես կարծում եմ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Ադրբեջանից ասում են, թե 2021 թվականի մայիսից էլ առաջ էլ, կան տարածքներ, որոնք Հայաստանը «օկուպացվել է» և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ պետք է դուրս գա այդ տարածքներից:
«Մենք ասում ենք շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն որտեղի՞ց որտեղ պետք է գնա: Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա Հայաստանի համար շատ ընդունելի խոսակցություն կարող է լինել:
Ըստ Փաշինյանի՝ եթե օրինակ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, ապա ինչ-որ տարածքային բաժանում կա:
«Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք քարտեզը, և դա կարող է լինել հետաքրքիր: Մենք դա չենք մերժում, քանի որ հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Տավուշի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, Պառավաքար գյուղի 70 տոկոս վարելահողերնօկուպացված են, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս օկուպացված են:
Վարչապետը շեշտեց, որ խոսքը ՀՀ 29 800 կիլոմետր տարածքային ամբողջականությունը վերականգենելու և ոչ թե զիջելու մասին է:
Խոսելով դելիմիտացիայի մասին, Փաշինյանն ասաց, որ հույս և ըմբռնում կար, որ խաղաղության պայմանագրի ստորագրության կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ, սակայն հիմա ազդակներ կան, որ դրանք իրատեսական չեն:
«Մյուս կողմից այդտեղ էլ կա լուծում, էլի զորքերի հետքաշման սխեմայով առաջարկում ենք վերցնել 1990 թվականին փաստացի գոյություն ուենցած գիծը, զորքերի հայելաին հետքաշում իրականանցնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքերը ընդհանրապես սահմանային հատվածում չուեննալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, նոր գնալ դելիմիտացիայի գործըթնացի, որը իսկապես կարող է երկար տարիներ տևել»,-ասաց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նա ասաց, որ երկու մոտեցում կա. դետալացված և շրջանակային մոտեցում:
«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, մենք կարող ենք դժվարություններ ունենալ, այս է պատճառը որ ՀՀ-ն առաջարկել է Խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել»,- ասաց նա:
Խոսելով ԼՂ-ի մասին նա ասաց, որ նաև ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ առաջ են քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: Նա ասաց, որ այդ խոսակցության շահագրգիռ կողմը և մասնակիցը պետք է լինի հենց ԼՂ հայը:
«Միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին»,- ասաց նա և նշեց, որ օրակարգից չեն հանելու այդ հարցը:
«Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»,- ասաց նա: