Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թունիսում մի շարք հանդիպումներ է ունեցել Բենինի, Անդորրայի և Բուլղարիայի գործընկերների հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ Միրզոյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը և հույս են հայտնել, որ դա նոր լիցք կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։
Անդորրայի Իշխանության արտաքին գործերի նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ Միրզոյանն անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ընդգծվում է, որ այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ համագործակցության հաստատման հնարավորությունները։
Միրզոյանը և նրա բուլղարացի գործընկեր Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը, ընդգծում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի դիրքորոշումներին։