ՀԱՊԿ օգնության ընդունումը առանց գնահատականի կնշանակի ստատուս քվոյի ընդունում և համակերպում այն սահմաններով, որոնք ստեղծված իրավիճակում ձևավորվել են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ կնշանակեր մերժված փաստաթղթի ստորագրումը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին:
Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանն ակնկալում է նրա պատասխանատվության գոտին պարզել, ապա՝ տեղի ունեցածին հստակ գնահատական տալը: Առանց այս արձանագրումների ՀԱՊԿ օգնությունն ընդունելը կնշանակեր համակերպվել ներկայում ձևավորված սահմանների հետ՝ փաստացի ստատուս քվոյի ձեռբերմամբ:
Ինչպես իր հերթին թեմայի մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանային հասկանալի իրադարձությունների համատեքստում բոլոր միջզգային գործընկերներից պահանջը մեկն է՝ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, դա է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն, որից պետք է բխեն մյուս գործողությունները:
«Պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պարտավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ քաղաքական, դիվանագիտական եղանակներով՝ եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ակնկալում էին, որ գործընկերներն այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը տեղի չունեցավ:
Նախարարը նշեց, որ դիտարկվել է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն ՀՀ ներխուժման հարցը չարձանագրելու պարագայում մեր երկիրը չի ցանկացել ընդունել այդ օգնությունը: Նախարարն ասաց, որ գերատեսչությունները շարունակում են աշխատել, որպեսզի հնարավոր հայտարարի գան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը: