ՀԱՊԿ-ը երես չի թեքի Հայաստանից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի ասուլիսի ժամանակ: «Մտադիր է արդյո՞ք ՀԱՊԿ-ը հեռանալ կամ երես թեքել Հայաստանից։ Իհարկե՝ ո՛չ։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ՀԱՊԿ համապատասխան առաքելությունն ուղարկվել է սահման», – հիշեցրել է նա։
Դրանից հետո առաջարկվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ, հստակեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Այս իրավիճակում ՀԱՊԿ – ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են», – հավելել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իր ղեկավարած առաքելության ընթացքում որոշ բարձրաստիճան պետական ծառայողներից հնչել են գնահատականներ, «ինչո՞ւ զորքերը չեն եկել այստեղ և չեն օգնել մեզ ապաօկուպացնել տարածքները»: «Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները, ընդհուպ մինչև մի քանի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը», – պարզաբանել է նա: Այդ համատեքստում որոշումները, որոնք առաջարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից, այդ թվում՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, եղել են համարժեք և կշռադատված, եզրափակել է Զասը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա, ըստ Զասի, Հայաստանին օգնություն ցուցաբերելու առաջարկների կետերից մեկը եղել է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելը: Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, այնտեղ շարադրված էր այդ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները (ենթադրվում էր 2 ամիս), խնդիրները։ Առաքելության գաղափարը կայանում էր տեղում իրավիճակի ուսումնասիրության և Հավաքական անվտանգության խորհրդի արձագանքման վերաբերյալ առաջարկությունների պատրաստման մեջ: Այս առաջարկները մնում են ուժի մեջ։ «Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում կայացնել միջոցառումների այս ամբողջ փաթեթի վերաբերյալ (6 կետ), կամ առանձին կետերի վերաբերյալ, այդ թվում՝ առաքելության ուղղությամբ, դա կարելի է կազմակերպել, ընդ որում՝ բավական օպերատիվ», – ասել է Զասը։
Հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց Հայաստանի ակնկալիքները կազմակերպությունից։ Վարչապետը հայտարարել է ադրբեջանական ագրեսիային հստակ գնահատական տալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ է արել ձևավորել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ: Այս կապակցությամբ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնության մասին նախագիծը։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում Փաշինյանը հայտնել է, որ նախագծերն ուղարկվել են լրամշակման։