Ֆրանսիայի դեսպան Անն Բույաոնին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրան նոտա են հանձնել Ֆրանսիայի առանցքային կուսակցությունների առաջնորդների՝ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված դիմումի կապակցությամբ՝ կոչ անելով անել հնարավորը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են «Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու անընդունելիությունը» Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների անունից մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հստակեցրել են, որ «նշված նամակը հակաադրբեջանական քայլերի և հայտարարությունների շարունակությունն է նպատակաուղղված և համակարգված իրականացվող շարքի, այդ թվում՝ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերի ընդունման, Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքների»:
Ադրբեջանական կողմն ուշադրություն է հրավիրել «Ադրբեջանի դեմ ֆրանսիական կառավարության կողմից իրականացվող արշավն անհապաղ դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»:
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած մամլո հաղորդագրության մեջ։