ՀՀ ՊՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության հետ այսօր կայացած հանդիպմանը, փոխանցում է ՊՆ լրատվության բաժինը:
Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ ՊՆ միջև համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Պապիկյանը նաև բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։