Եթե Ադրբեջանն ընդունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Կահիրեի միջնորդության առաջարկը, ապա պետք է լինելու լավ մտածել ու աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ Բաքվի դիրքորոշումը դեռ պարզ չէ այդ հարցում:
«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Եգիպտոսի նախագահի այդ առաջարկը, ենթադրում եմ, որ դա նախապատրաստված է եղել Եգիպտոսում մինչև Հայաստան այցը և չեմ բացառում, որ այն համաձայնեցված է կամ կհամաձայնեցվի նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, որոնց հետ Եգիպտոսն ունի լավ հարաբերություններ»,- ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, որ առաջարկին պետք է լուրջ վերաբերվել ու փորձել այն իրականություն դարձնել:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումն օգնել Երևանին Ադրբեջանին հակազդելու հարցում՝ հաշվի առնելով, որ Բաքուն ակտիվորեն օգտագործում է արաբական և իսլամական միջազգային հարթակները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը բարձրաձայնելու համար, արևելագետը պատասխանեց.
«Այստեղ ոչ միայն Ադրբեջանին հակազդելու խնդիրն է, այլ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները արաբական, իսլամական երկրների հետ սերտացնելը: Եգիպտոսը մեծ հեղինակություն է վայելում ինչպես արաբական, այնպես էլ իսլամական աշխարհում»:
Սաֆրաստյանը նկատեց՝ Կահիրեում է գտնվում Ալ-Ազհարի համալսարանը, որն իսլամի աստվածաբանական մտքի կարևորագույն կենտրոնն է ժամանակակից աշխարհում, ինչը շատ բանի մասին է խոսում: Հետևաբար նա հայ-եգիպտական հարաբերություններն ընդլայնում է մինչև քրիստոնեություն-իսլամ հարաբերություններ:
«Կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Եգիպտոսը շատ հարմար են քրիստոնեություն-իսլամ երկխոսությունները զարգացնելու հարցում: Այս երկու համաշխարհային կրոնները պետք է համագործակցեն բոլոր այն խնդիրները լուծելու համար, որոնք կանգնած են այսօր մարդկության առաջ»,- ասաց նա:
Խոսելով Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան այցելության գլխավոր թեմաներից մեկի՝ տնտեսական համագործակցության թեմայի մասին՝ փորձագետն ասաց, որ դրանք բավականին հեռանկարային են երկու երկրների համար՝ հաշվի առնելով հատկապես զբոսաշրջային բաղադրիչը:
«Հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները կարևորվում են նաև Եվրասիական տնտեսական միության հետ Եգիպտոսի տնտեսական հարաբերություններով, որի անդամ է Հայաստանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը պատրաստ է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում միջնորդի դեր ստանձնել:
Եգիպտոսի նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի առաջին դեմքերի հետ: Նա Հայաստան էր ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան գալը նա եղել է Ադրբեջանում:
Արաքսյա Սնխչյան