Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հանրապետության քաղաքացիների՝ նույնականացման քարտով Վրաստան և առանց մուտքի վիզայի ԱՄԷ մուտքի կարգի վերաբերյալ։
Հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների առանց վիզայի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից վավերացնելուց հետո»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից վստահեցնում են, որ այս մասին պաշտոնապես կհայտարարեն։ Նրանք պարզաբանել են, որ դրանից հետո միայն Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան այցելել նույնականացման քարտերով (ID-card)։
«ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև 2009թ․ հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկու պետությունների կողմից ստորագրվելուց և վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։
Ներկայում երկու երկրների միջև առանց վիզայի փոխադարձ այցելությունները գործում են միայն դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Բոլոր քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիր պատրաստվում էր դեռ 2017թ.։ Հայաստանի կառավարությունն այն ժամանակ համաձայնեց ստորագրել այն, սակայն հետո բանակցությունները կասեցվեցին։ 2022 թվականի դեկտեմբերին երկու երկրների միջև ստորագրվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կարգավորման մասին» հուշագիրը։