Ես շարունակում եմ պնդել, որ ՀՀ-ն 3 մլն բնակիչ ունի, ես շարունակում եմ նաև պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի շահերի սպասարկումն է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով օրեր առաջ արված իր այն հայտարարությանը, որը քննադատության էր արժանացել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:
«Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, մտնում է Հայաստանի պետական շահերի կոնտեքստի մեջ: Ես սպասարկում եմ Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկում եմ Հայաստանի ժողովրդի շահերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսել»,- ասաց Արսենյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսենյանը հայտարարել էր. «Անընդհատ 120.000 Ղարաբաղի բնակիչ… 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատո՛ւ ենք մենք այդ մարդկա՛նց համար, պատասխանատու ենք մեր երկրի՛ համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք, ճի՛շտ պատկերացրեք…»:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, համոզմունք էին հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին: