Այսօր Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվում են, հանվում են դրանց արմատները։ Իսկ դրանց փոխարեն նույն հորերում տնկվելու են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:
Armenia Today-ի նկարահանող խումբը տեղում ծանոթացավ իրավիճակին, զրուցեց մի շարք քաղաքացիների հետ։
Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կտրված ծառերը անկենսունակ են, դրանք հիվանդ ծառեր են, որոնց փրկել այլևս հնարավոր չէ։ Իսկ փոխարինող ծառերը տնկման պահից կենսունակ են լինելու և թյուր է կարծիքը, թե դրանք կարող են չդիմանալ հայաստանյան կլիմային։
«Ինձ համար տարակուսելի է, թե ինչի հետ է կապված քաղաքացիների դժգոհությունը: Սկզբում կազմակերպիչներն ասացին, թե ծառերի սպանդ է տեղի ունենում: Հետո ասացին՝ կտրել պետք էր, քանի որ ծառերը սաղարթ չունեն»,- ասաց Բեգոյանը՝ հավելելով, որ Երևանի կանաչ տարածքներում աճող ծառերի գրեթե կեսը ոչ մի բանի պիտանի չեն:
Ըստ ՀՈԱԿ-ի տնօրենի՝ բաղձալի արդյունքից մեզ մեկ օր է բաժանում: «Երբ վաղը կսկսեն տեղադրվել ծառերը, հանրությունը կտեսնի, թե ինչ գեղագիտական ու ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են: Դրանք 10 և ավելի տարեկան տնկիներ են, ինչպիսիք Երևանը դեռ չի տեսել»,- ասաց Բեգոյանն ու հավելեց, որ ծառերը բերվել են Հոլանդիայից, դրանց մեծ մասն է ադապտացվել Հայաստանի կլիմային ու տնկման պահից կենսունակություն են ապահովելու:
Մեր հարցին, թե որքան է քաղաքապետարանը ծախսել տնկիների ձեռքբերման ու հատման աշխատանքների համար, պաշտոնյան ասաց, որ 150 միլիոն է հատկացվել 2 000 տնկիի համար:
«Դա կոպեկներ է Երևանի կանաչապատման համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ բոլորը չէ, որ այստեղ են տնկվելու. մի մասը կտնկեն Եռաբլուրի նոր նախագծված Փառքի պուրակում:
Բեգոյանը կարծում է, որ բողոքը ուղղորդված է, ընդ որում՝ ուղղորդել են ոչ մասնագետները, մարդիկ, ովքեր քաղաքական, այլ ոչ թե մասնագիտական մղումներ ունեն:
Միևնույն ժամանակ տեղում հավաքված երևանաբնակները տարակուսած են քաղաքապետարանի որոշումից։ Նրանք կարծում են, որ չի կարելի այսպես միանգամից որոշում կայացնել ու առանց հանրային քննարկում իրականացնելու մասսայական ծառեր կտրել։ Չէ՞ որ Երևանը շոգ քաղաք է, պատսպարող ոչինչ, բացի ծառերից, չի կարող լինել:
«Անգամ հիմա՝ մարտին, բավականին շոգ է։ Ամռանն այստեղ անտանելի շոգ է լինելու: Կտրել ծառերը, որոնք ապահովելու են ստվեր, ուղղակի հանցագործություն է: Փոխարինման հետ համամիտ եմ, բայց այն պետք է լինի համարժեք: Չի կարելի մեծ ծառերը փոխարինել դեկորատիվ սակուրայով, որը երբեք Հայաստանում չի աճել: Նման մեծ ծրագրերը պետք է ունենան գիտական, հանրային հիմք: Սա շատ սխալ մոտեցում է»,- ասաց երևանաբնակ Սեդա Տեր-Մինասյանը։
Մեկ այլ երևանցի՝ Շաղիկ Մաթևոսյանը, կարծում է, որ ծառերը նորերով փոխարինելու համար նախ նոր ծառերն են պետք տնկել, ապա անկենսունակները պարբերաբար կտրել։
«Սակուրա ռոյալ տեսակի ծառերը խոնավեցման շատ լուրջ կարիք ունեն: Որպեսզի դա արվի, մեծ աշխատանք պետք է տարվի: Պետք է ոռոգման մեծ համակարգ անցկացնել, ջուր տալ: Հաճախ սիստեմն անցկացնում են, սակայն ջուր չեն տալիս, ծառերը չորանում են: Վայրենաբար ամբողջը կտրելն անհասկանալի է ինձ համար»,- ասաց նա՝ նշելով, որ բողոքի ձայնը լսելի դարձնելու համար պետք է քանակ ու համախմբում:
Բողոքի դուրս եկած մեկ այլ երևանաբնակ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանն էլ կարծում է, որ սա շարունակական բնույթ կրող երևույթ է, օպերայի շենքի հարակից բոլոր պուրակներին սպառնում է այս հատումը:
«Ես չունեմ ընտրելու իրավունք, սակայն եթե ունենայի, ապա իմ ընտրության վրա մեծապես կազդեր այն, ինչ տեղի է ունենում այս պահին այստեղ»,- ասաց նա:
Armenia Today-ը լսեց նաև մասնագիտական կարծիք: Կասկադի տարածքում էր Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ անդամ, էկոլոգ, Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քարիստինա Վարդանյանը, որը մեծ ցավ է ապրել, երբ տեսել է կանաչած ծառերի հատումը:
«Մոտավորապես 1 ամիս առաջ քաղաքապետարանում գիտաժողով է անցկացվել, որին ես ներկա չեմ եղել: Կուզենայի, որ այս մասին լինեին հանրային լսումներ: Այո, Երևանում կան ծառեր, որոնք վաղաժամ են ծերացել և ունեն բազմաթիվ հիվանդություններ: Ես դեմ եմ ոչ թե ծառերի հատմանն, այլ ընտրված մեթոդաբանությանը: Մենք ծառեր ընտրելիս պետք է ընտրենք այնպիսիք, որոնք օժտված են շատ բարձր սանիտարահիգիենիկ և դեկորատիվ հատկանիշներով: Չի կարելի փոքրիկ սակուրան, որը սաղարթ չի առաջացնում, փողոցի բանուկ հատվածում տնկել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կանաչապատումը ոչ թե գեղեցկության, այլ առողջության մասին է:
Ըստ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ բոլոր ծառերը, որոնք ընտրված են փոխարինման համար, ներմուծված են, ունեն մեր բնակլիմայական և քաղաքային պայմաններին համապատասխանող արժեք։
Ավինյանի խոսքով՝ այս պրոցեսը մոտավորապես 7-8 տարի է տևելու, երբ որ իրենց կենսունակության ավարտին մոտեցող բոլոր ծառերն ամբողջապես կփոխարինվեն։
«Այն ծառերը, որոնք տերև ունեն և թվում է, թե կանաչ են, իրենց ֆունկցիան արդեն չեն կատարում, օրինակ թեղիները»,- լրագրողներին հայտնեց Ավինյանը՝ հավելելով, որ Երևանում պետք է լինեն նաև ծիրանենիներ։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ ամբողջ քաղաքում մոտավորապես 2 500 արժեքավոր ծառ կտնկվի։
Արաքսյա Սնխչյան