ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտել է ցանկացած տեսակի բռնություն։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն, իր հերթին, հայտնել է, որ պատգամավորներից մեկը [Մհեր Սահակյանը] բերման է ենթարկվել ոստիկանություն, մյուսը՝ [Վլադիմիր Վարդանյանը] դիմել է բուժհաստատություն, այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչներ։
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Նա նշել է, որ այս պահին պաշտպանյալը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով, հավանաբար, կտեղափոխվի Երևանի քննչական:
«Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ Վարդանյանն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով, նրան հասցրել է մեկ հարված»,- գրել է Մելիքյանը:
Պատգամավոր Մհեր Սահակյանի համախոհ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ Ալեն Սիմոնյանն իր գործողություններով է կազմակերպել այս ներքին խառնաշփոթը:
«Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալն ինքը սկսեց Մհեր Սահակյանին բրբրթել»,- ասել է Օհանյանը՝ նշելով, որ իր աշխատասենյակում մեծ աղմուկ են սարքել միջադեպից հետո այն դեպքում, երբ իրավական գործընթացը կարելի էր անցկացնել առանց խառնաշփոթի:
«ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը:
Վլադիմիր Վարդանյանի թիմակից, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առանց հիմնավորման Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:
«Ի թիվս այլ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի՝ հանձնաժողովում քննարկվել է Հռոմի ստատուտի հարցը»,- ասել է Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ չհաստատելով, թե հենց այդ հարցն է վեճի առարկա դարձել, ասել է՝ վիճել են քննարկվող բոլոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Վլադիմիր Վարդանյանի հոնքի շրջանում կարեր դնելու կարիք կար։