ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Տղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Նա ասաց, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ պատգամավորներից մեկը [Մհեր Սահակյանը] բերման է ենթարկվել ոստիկանություն, մյուսը [Վլադիմիր Վարդանյանը] դիմել է բուժհաստատություն, այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչներ։
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Նա նշել է, որ այս պահին պաշտպանյալը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական:
Պատգամավոր Մհեր Սահակյանի համախոհ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ Ալեն Սիմոնյանն իր գործողություններով է կազմակերպել այս ներքին խառնաշփոթը:
«Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալն ինքը սկսեց Մհեր Սահակյանին բրբրթել»,- ասել է Օհանյանը՝ նշելով, որ իր աշխատասենյակում մեծ աղմուկ են սարքել միջադեպից հետո այն դեպքում, երբ իրավական գործընթացը կարելի էր անցկացնել առանց խառնաշփոթի:
«ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը:
Վլադիմիր Վարդանյանի թիմակից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առանց հիմնավորման Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:
«Ի թիվս այլ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի՝ հանձնաժողովում քննարկվել է Հռոմի ստատուտի հարցը»,- ասել է Հովհաննիսյանը, միևնույն ժամանակ չի հաստատել, թե հենց այդ հարցն է վեճի առարկա դարձել, ասել է՝ վիճել են քննարկվող բոլոր հարցերի շուրջ: Նա նշեց, որ Վլադիմիր Վարդանյանի հոնքի շրջանում կարեր դնելու կարիք է եղել: