Հայաստանը պատրաստ է աջակցել Սիրիայի վերականգնման գործընթացներին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին ազգային տոնի առթիվ ուղղված ուղերձում, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը նշել է, որ դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:
«Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ: Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին»,- ասված է ուղերձում:
ՀՀ վարչապետն իր ուղերձում Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն: