Ցավոք կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը շատ փոքր է։ Այս մասին կառավարության մայիսի 11-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել, սակայն հավանական չէ, որ որևէ փաստաթուղթ կստորագրի։ «Խաղաղության և Միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագիրը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։