Ռուսաստանը չի վերահսկում Լաչինի միջանցքը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Նա մատնանշել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը։ «Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ միջանցքը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ, ցավոք, դա հիմա չի կարելի ասել»,- ընդգծեց Միրզոյանը։
Նախարարի խոսքով, Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և հավատարիմ է մնում եռակողմ հայտարարություններին։ «Ցավոք սրտի, իրավիճակը տեղում փոքր-ինչ այլ է, բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից սրացում, նրանց զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում, եզրափակեց Միրզոյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առկա «դրական» դինամիկա էր նկատել։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ բանակցությունները ԱՄՆ-ում կայացել են մայիսի 1-4-ը։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են Բլինքենի, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայացած բանակցություններում կողմերին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով, որ բավական տարաձայնություններ են մնացել։ Բլինկենը նշել է, որ Երեւանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, իսկ վերջնական համաձայնությունը «տեսանելի է»։