ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում 11 հարց է, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Օրակարգում ներառված է պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծի հիմնավորմամբ՝ «Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությունը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը»։
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար։ Նախատեսվում է նաև ապահովել դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից` ՀՀ դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը: