Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են սկսել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով:
Նրանք Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտակայքից քայլերթով գնում են դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, իրենց հետ տանում են մեծադիր պաստառ, որը հանձնելու են ոստիկանապետին: Դա «Փաստաբանության թշնամի» հավաստագիրն է:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց խնդիրը ոստիկանության ինստիտուտի հետ չէ, այլ ոստիկանական համակարգում տեղ գտած այն անձանց հետ, որոնք իրականացնում են բռնություն:
«Այլ երկրի հարթակներում մենք արժանապատվորեն նշել ենք, որ Հայաստանում փաստաբանությունը կայացած է և փաստաբանն անկախ է ու պաշտպանված, որովհետև իսկապես այդպես է: Այս երկու վերջին դեպքերը խախտեցին մեր վիճակագրությունը: Երբ միջազգային կառույցներին Փաստաբանների պալատն այս հարցերով դիմում էր և, բնականաբար, նրանց էլ էր հորդորում այս հարցով ինչ-որ քայլեր ձեռնարկել, մենք, անկեղծ ասած, շատ վատ էինք զգում»,- ասաց նա՝ նշելով, որ ուրիշ տեղերում ՀՀ օրինակը միշտ ներկայացվել է:
Զոհրաբյանի խոսքով՝ վերջին երկու դեպքը, երբ փաստաբանների վրա ոստիկանությունում բռնություն գործադրվեց, անթույլատրելի էր: «Մարդու վրա ձեռք բարձրացնել չի կարելի, իր մասնագիտական պարտքը կատարող փաստաբանի նկատմամբ՝ առավել ևս»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ 502 փաստաբան միացել է ոստիկանապետի հրաժարականի պահանջին: Քայլը ծայրահեղական է, քանի որ պաշտոնատար անձինք պետք է հիշեն, որ որևէ պաշտոնյայի կարող է համայնքը համարել թշնամի: «Դա խարան է և երբեք չի մաքրվում տվյալ մարդու վրայից»,- ասաց Զոհրաբյանը:
Ավելի վաղ՝ հունիսի 26-ին, փաստաբանները մեկօրյա գործադուլ էին իրականացրել՝ ի նշան ոստիկանների կողմից իրենց նկատմամբ բռնության դեպքերի բողոքի։
Նրանք բողոքում են իրենց նկատմամբ ոստիկանների բռնության դեպքերի դեմ։ Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում պաշտպանել կամ կատարել ներկայացուցչական գործառույթներ։ Հունիսի 21-ին փաստաբանների ակումբի նիստում փաստաբանները մատնանշել էին իրավասու մարմինների և համապատասխան միջազգային կառույցների անտարբերությունը Փաստաբանների ինստիտուտի նկատմամբ։
«Բռնության ենթարկված փաստաբանների գործերով քննությունները բավականաչափ արագ չեն իրականացվում, իսկ մեղավորները մնում են անպատիժ։ Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողները դեռ շարունակում են իրենց ծառայությունը մարմիններում»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։