Հայաստանում փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել, հայտնում է Հանրապետության փաստաբանների պալատը։ Նրանք բողոքում են իրենց նկատմամբ ոստիկանների բռնության դեպքերի դեմ։
Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում պաշտպանել կամ կատարել ներկայացուցչական գործառույթներ։ Հունիսի 21-ին փաստաբանների ակումբի նիստում փաստաբանները մատնանշել էին իրավասու մարմինների և համապատասխան միջազգային կառույցների անտարբերությունը Փաստաբանների ինստիտուտի նկատմամբ։
«Բռնության ենթարկված փաստաբանների գործերով քննությունները բավականաչափ արագ չեն իրականացվում, իսկ մեղավորները մնում են անպատիժ։ Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողները դեռ շարունակում են իրենց ծառայությունը մարմիններում»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացումն է, քանի որ «ոտնձգության ենթարկված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը»,- հավելել է Փաստաբանների պալատը։
Բողոքի ակցիայից անմիջապես հետո հունիսի 26-ին ժողով է նախատեսված, որտեղ կքննարկվեն հաջորդ եռօրյա բողոքի ակցիայի ժամանակացույցն ու ժամկետները:
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցուց գումար են հափշտակել․ ԶԼՄ
Անհայտ անձը կոտրել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու նվիրատվության արկղը և այնտեղից գումար հափշտակել, հայտնել է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ հանցագործը...