Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են օրակարգային բոլոր հարցերը, ամփոփելով իր մասնակցությամբ այսօր Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը՝ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Նա բանակցություններն «անկեղծ և ազնիվ» է որակել։ Միշելը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին հաստատել են հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ «հիմնվելով այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը կազմում է 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քառակուսի կիլոմետր»։
Միշելը հայտնել է, որ կողմերը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր են քննարկել: Միշելի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են հանձնառութունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, պայմանավորվել ակտիվացնել և արագացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։
Միշելի դիտարկմամբ՝ վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններում: Միշելի խոսքով՝ կողմերը քննարկել են ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնցում տեղ են գտնելու ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Նա նշել է, որ երկաթուղու շինարարությունը պետք է անհապաղ սկսվի։
«ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, բայց որոշ մանրամասներ դեռևս հստակեցման կարիք ունեն։ Այդուհանդերձ, այս թեմայի վերաբերյալ դիրքորոշումները մոտ են իրար, ակտիվորեն ուսումնասիրվում են հնարավոր տարբերակները»,-ասել է նա։
Միշելը հայտնել է, որ կողմերը քննարկել են «Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»: Նրա խոսքով՝ «ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից»։
«Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Ես խրախուսում եմ մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունել եմ ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանման վերսկսումը»,-ասել է նա։ Եվրախորհրդի ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը «հավաստիացումների կարիք ունի նախևառաջ իր իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցերում»:
«Այս համատեքստում ես Եվրամիության աջակցությունն եմ հայտնել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի միջև ուղիղ երկխոսությանը։ Այդ երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի բոլոր մասնակիցների համար»,- հայտարարել Է Միշելը։
Նա տեղեկացրել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև գերիների հարցը։
Միշելի խոսքով՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը «ջենթլմենական ըմբռնմանը», ինչը, ըստ նրա, «կհեշտացվի զինվորների ազատ արձակումը, որոնք ակամայից անցնում են սահմանի մյուս կողմը»:
«Ես հանդես եմ եկել երկու կողմից էլ ձերբակալվածներին ազատ արձակելու օգտին։ Այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև անհայտ կորած անձանց ճակատագրի հարցում համագործակցության ընդլայնման ապահովման, ինչպես նաև ականազերծման կարևորությունը: Ես ևս մեկ անգամ կոչ եմ արել կողմերին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել»,-ասել է Միշելը։
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից։շ
Բրյուսելում ավարտվել է հուլիսի 15-ին մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը փոխանցել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։
Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմումներ է ներկայացրել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին։
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։