ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ խոսել է Արցախի շրջափակման մասին, հայտնել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Օգոստոսի 29-ին Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը:
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը: