Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու մտադրությունը, կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- նշեց նա:
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազնաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կարծում է վարչապետը՝ շեշտելով, որ պատճառը օրեր շարունակ ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով Ադրբեջանի զորքեր կուտակելն է։
«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայկական ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին ՊՆ 3 զինծառայողներ։ Այդ սադրանքին նախորդել և հաջորդել են ՀՀ ԶՈՒ կողմից հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից, ասաց վարչապետը։
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամն Արցախում հասել է գագաթնակետին։ Նման գործողություններն արդարացնելու համար, ըստ Փաշինյանի, շչջանառության են դրվում կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր։
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում, և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների՝ էական է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին: