Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԼՂ-ում «անըդունելի» ընտրությունների վերաբերյալ վաղը Փաշինյանի հետ խոսելու մտադրության մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ այս մասին Էրդողանն ասել է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ վաղը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա «անընդունելի» է համարել Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները։ Նա ընտրությունը «Ղարաբաղի հայերի ձեռնարկած քայլ» է որակել։
«Դա չեն ընդունում նաև Եվրամիության երկրները։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մեր հանդիպման ժամանակ ես տեսա, որ նա բացասաբար է վերաբերվում դրան։ Վաղվա զրույցում ես Փաշինյանին կզգուշացնեմ, որ նման ընտրությունները չեն կարող ընդունվել։ Բարեկամ արևմտյան երկրները, որոնց հետ մենք բանակցում ենք, չեն ընդունում այս ընտրությունները»,-ասել է Էրդողանը։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Էրդողանն ու Ալիևը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
ԶԼՄ-ները հիշեցրել են Թուրքիայի դիրքորոշումը, ըստ որի, իբր, Արցախի նախագահի ընտրությունը կազմակերպվել է «Ադրբեջանի ղարաբաղյան շրջանի տարածքներում»։
Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: