ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ըստ նախագծի՝ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ին ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:
«Պաշտոնատար անձանց, օտարերկրյա պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրականությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ օգտվելու կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայության պատճառով»,- ասաց փոխնախարարը։
Հոդվածը լրացվում է նոր մասով, համաձայն որի՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, ասաց նա:
Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցմամբ, և որ նախկինում այդ մասով գործել է նախագահի կարգադրություն:
«Երբ անցում ենք կատարել դեպի խորհրդարանական համակարգ, այդ կարգադրությունը՝ նախագահի կարգադրությունը, ճանաչվել է ուժը կորցրած, և դրա փոխարեն դեռևս 2018-ին այն օրենքում, որում մենք փոփոխություն ենք կատարելու, հայտնվել է նոր հոդված»,- ասաց պատգամավորը:
Կարող են օգտվել նաև ՀՀ նախագահի և վարչապետի հրավերով ժամանած պատվիրակությունների անդամները, ինչպես նաև առանձին դեպքերում այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով: Կարգավորումներից դուրս է մնացել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցողներին և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին առնչվող կետը, որը, սակայն, նոր կարգավորմամբ ևս կհամալրվի: