Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Աղդամ-Ասկերան (Ակնա-Ասկերան-խմբ․) երթուղու բացումը կարևոր քայլ է համարել՝ հույս հայտնելով, որ այն կարող է կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսման խթան դառնալ, հայտարարել է Միշելի խոսնակ Բարենդ Լեյցը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Շառլ Միշելը պահպանել է ինտենսիվ շփումներն ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մեր ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը, հումանիտար հասանելիությանը, ապաշրջափակման խնդիրը լուծելուն։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք Ռուսաստանի մարդասիրական օգնության անցումն Աղդամ-Ասկերան (Ակնա-Ասկերան-խմբ․) երթուղով։ Մենք հասկանում ենք այս իրադարձության հետ կապված բոլոր նրբությունները։ Մենք ակնկալում ենք, որ երթուղու բացումը Ղարաբաղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսման խթան կդառնա»,- ասել է խոսնակը՝ փոխանցելով Միշելի խոսքերը։
Խոսնակի փոխնացմամբ՝ Միշելը շեշտել է նաև, որ իրավիճակը արագ վատթարանում է։
«Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության մթերք մատակարարելը կենսական է։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը։ Մարդասիրական հասանելիություն ապահովելու համար այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ առջևում աշնանային և ձմեռային սեզոններ են»,- հայտարարել է Միշելը։
Նա վերահաստատել է համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։
«ԵՄ-ն ակնկալում է, որ երեկվա իրադարձություններին առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում ավելի կոնկրետ քայլեր կհաջորդեն, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտի թույլտվությամբ Ասկերանի տարածքով Ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական բեռները հասցվել են Արցախ։
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները թույլ են տվել Ռուսաստանի կողմից Ասկերանի տարածքով հումանիտար օգնության ներմուծումը հանրապետություն՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների տեղափոխման վերսկսման պայմանով։
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռնատարի անցումը «ուշանում է»։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստանից Աղդամի տարածքով բեռների ներկրման դեմ։ Ավելի ուշ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ Ադրբեջանի կողմից Ասկերանով Ստեփանակերտ ռուսական մարդասիրական բեռների մատակարարման պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից չեղարկվել է։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։