ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված։
«Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է մնալ լարված․ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով»,- ասաց նա։
Նա հավելեց, որ հումանիտար իրավիճակն Արցախում ծայրահեղ ծանր է, և նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։
«Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում»,- նշեց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը կաշխատի խաղաղության պայմանագրի ադրբեջանական մեկնաբանությունների վրա և կներկայացնի այդ երկրին։ «ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- նշեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացիցիչները և հորդորեց Ստեփանակերտին ներգրավվել։
«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- շեշտեց Փաշինյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել էր նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել էր քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան՝ Երևանն ասել էր, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։