«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն ավագանի անցած կուսակցություններին առաջարկել է Երևանի քաղաքապետի ընտրություններում կողմ քվեարկել իր թեկնածությանն՝ առանց կոալիցիաներ կազմելու: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Երևանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի 24 մանդատ, ընդդիմադիր 4 ուժերը միասին՝ 41 մանդատ։ Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և քանի որ մեր ուժն այս 4-ից առաջին տեղն է գրավել, առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, և մնացած քաղաքական ուժերն առանց որևէ կոալիցիաներ կազմելու, առանց ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների՝ քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասել է նա:
Մարությանը նշել է, որ եթե ավագանի անցած կուսակցությունները համաձայն չեն նման առաջարկի հետ, ապա ինքն առաջարկում է նոր ընտրություններ կազմակերպել և դրա համար պետք է այնպես անել, որ ավագանու առաջին նիստում քվորում չապահովվի։
«Քանի որ ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի և դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն՝ եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի․ նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»,- հավելել է Մարությանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս քննարկում չի ունեցել ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):