Ավելի քան 60 եվրոպացի պատգամավոր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ագրեսիայի պատճառով, X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հայտնել է ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու սկսվող էթնիկ զտումները և կանխելու հարձակումը նոր պատերազմի վերածվելու համար»,- ասվում է Բորելին ուղղված նամակում:
Պատգամավորները ԵՄ դիվանագիտության ղեկավարին երկու հարց են ուղղել՝ ինչ է մտադիր անել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական ագրեսիային, և ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Բաքվի դեմ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է եղել Եվլախում, որն ավարտվել է։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նա հայտնել է, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։