Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Երևանի Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ներկայացրել է Հայաստանում իշխանափոխությանն ուղղված ընդդիմության գործունեությունը համակարգող Ազգային կոմիտեի կազմը։
Ազգային կոմիտեն, ըստ Մանուկյանի, բաղկացած է լինելու 11 հոգուց, որում այս պահին ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» դաշինքի նախագահ Անդրանիկ Թևանյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ինքը՝ Մանուկյանը։
Կառավարության նախկին ղեկավարն ասել է, որ ընդդիմությունը սկսում է անհնազանդության շուրջօրյա զանգվածային ցույցեր, և ընդգծել, որ իշխանափոխության գործընթացը պետք է լինի բացառապես լեգիտիմ։
Մանուկյանի խոսքով՝ այս բողոքի ակցիաներին պետք է ներգրավվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության բոլոր մարզերի բնակիչները։ Նա կոչ է արել քաղաքացիներին սեպտեմբերի 22-ին ժամը 10-ին հավաքվել կառավարության շենքի մոտ և խափանել կառավարության ժամը 11:00-ին նախատեսված նիստը։
«Հիմա արագորեն պետք է սկսել իշխանությանը ծնկի բերելու գործընթացը: Վաղը ժամը 11:00-ին այս շենքում տեղի է ունենալու կառավարության նիստ, որը մեզ համար կառավարություն չի: Մենք վաղը 10:00-ից կշրջապատենք ու թույլ չենք տա, որ կառավարության նիստ տեղի ունենա: Ես կոչ եմ անում մեր երիտասարդությանը ամեն տեղ անհնազանդության ակցիաներ անել»,- ասել է Մանուկյանը:
Երևանում արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Երևանում սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը պարբերաբար փակում է Հանրապետության հրապարակ և կառավարության շենք տանող կենտրոնական փողոցները։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել է ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը ընդդիմության հանրահավաքի ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից նմեկն այլ երկրի քաղաքացի է եղել, 9-ը՝ Արցախի, մնացածը՝ Հայաստանի, երկուսն էլ՝ անչափահաս։