Եվրահանձնաժողովը 500 000 եվրո մարդասիրական օգնություն կուղղի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրումից տուժած բնակչությանն աջակցելու համար, հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական էջը։
«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները դրամական օգնության միջոցով՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան և հոգեսոցիալական աջակցություն»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս շտապ ֆինանսավորումը գալիս է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին:
Ընդգծելով մարդասիրական անվտանգ մուտքի անհրաժեշտությունը՝ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել և անհապաղ մուտքը: Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց»:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում իր հումանիտար գործընկերների հետ և պատրաստ է լուծել աճող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։
«2020 թվականին հակամարտության լայնածավալ սրացումից հետո մենք աջակցել ենք մարդասիրական գործողություններին Հայաստանում և Ադրբեջանում ավելի քան 21 միլիոն եվրոյով»,- նշված է հայտարարությունում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։