Այս պահի դրությամբ բողոքի գործողությունների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 98 անձի։ Տեղեկությունն Armenia Today-ին հաղորդեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Բոլորը բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով): Միևնույն ժամանակ նշեց, որ դեռևս չունի տվյալներ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից բերման ենթարկվածների մասին։
Վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանի փողոցներում։ Փակվել են մի շարք կենտրոնական փողոցներ։ Բերման է ենթարկվել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ այս բողոքի ակցիաներին պետք է ներգրավվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության բոլոր մարզերի բնակիչները։ Նա կոչ էր արել քաղաքացիներին սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին հավաքվել կառավարության շենքի մոտ և խափանել կառավարության ժամը 11:00-ին նախատեսված նիստը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։