Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է զանգվածային բողոքի ակցիաներին միացած ՀՀ համալսարանները։
«Չեմ զլանա և անուն առ անուն կթվարկեմ նրանց, ովքեր միացել են դասադուլին և պայքարին՝ հանուն իրենց ապագայի։ ԵՊՀ հայրենագիտության ֆակուլտետ, ԵՊԲՀ, ՀՀ-ում ֆրանսիական համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարան, Երևանի Կոմիտասիա անվան պետական կոնսերվատորիայի ուսխորհուրդ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողներ, ՀՊՄՀ մի խումբ ուսանողներ, Երևանի տնտեսագիտական համալսարան, ՇՊՀ մի խումբ ուսանողներ, Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը գործադուլ է հայտարարել և դասադուլի կոչ արել ուսանողներին»,- ասել է Թևանյանը՝ նշելով, որ ուսանողությունը պետք է լինի շարժիչ ուժը։
Խոսելով ոստիկանության գործողությունների մասին՝ Թևանյանը նշել է, որ ոստիկանական համակարգում կան գերի ընկած մարդիկ։
«Ոստիկանական համակարգում կան յուրօրինակ ձևով գերի ընկած մարդիկ, ովքեր երբ ինձ բերման էին ենթարկում, ասում էին, ցավներդ տանեմ, սրանցից ե՞րբ ենք պրծնելու»,- ասել է նա։
Ընդդիմության ներկայացուցիչը խոսել է սեպտեմբերի 23-ի և 24-ի պլաններից և հայտնել գործուղությունների հաջորդականությունը։
«Վաղը բոլոր այն խմբերը, ովքեր արդեն կազմակերպված են, քաղաքի և մարզերի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականացնում են հետևյալ գործողությունները՝ հավաքներ, քարոզչություն, երթեր, փողոցներ փակել, իսկ նրանք, ովքեր նոր են միանում, իրականացնում են կազմակերպչական աշխատանքներ՝ անդադար կապի մեջ լինելով մեզ հետ։ Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով, ցեղասպան քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում, չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնում ենք բողոքի ակցիաներ: Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին, հավաքվում ենք այստեղ (Հանրապետության հրապարակ) և մենք կնշենք, թե ինչ պետք է արվի հետագա քայլերի, գործողությունների առումով»,- եզրափակել է Թևանյանը։
Նա հավելել է, որ հավաքից անմիջապես հետո երթ է իրականացվելու տարբեր ուղղություններով՝ Ամիրյան փողոցով, Մաշտոց-Սարյան ուղղությամբ, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, Խանջյանով դեպի վերև և Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքև:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։