ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի իր ելույթի ժամանակ խոսել է Ադրբեջանի հնարավոր հետագա նպատակներից, որոնք անընդունելի են հայկական կողմի համար։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար։
«Այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։ 120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից»,-շեշտել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ այս սոսկալի լայնածավալ հարձակումն Ադրբեջանը ցինիկորեն որակվել է որպես տեղային հակաահաբեկչական գործողություն: Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ։
«Մինչ ես ելույթ եմ ունենում այսօր, Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը մնում է առանց ապրուստի միջոցների, քանի որ Լեռնային Ղարաբաղ կարողացել է մուտք գործել միայն սահմանափակ մարդասիրական օգնություն: Չկա սնունդ, դեղորայք, կացարան, ապրելու վայր։ Նրանք ընտանիքից բաժանված են, ահաբեկված ու իրենց կյանքի համար վախեցած»։
Միրզոյանը մեջբերել է միջազգային արձագանքները՝ շեշտելով, որ ի պատասխան այդ կոչերի, Ադրբեջանը ավելի է կոշտացրել իր անմարդկային գործողությունները՝ ձեռնարկելով այս ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։
Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, կդրսևորի ամուր քաղաքական կամք՝ դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը։
«Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով։ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է: Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը»,-ասել է նա։
Նա շեշտել է, որ այս համատեքստում Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն են տեսնում։
«Ադրբեջանի չկամությունն անկեղծորեն և կառուցողական կերպով ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, սահմանազատել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան և հիմնվելով 1975թ. քարտեզների վրա, միջպետական սահմանի երկայնքով ստեղծել ապառազմականացված գոտի, հստակ պատկերում են նշված մտադրությունները։
Նույն կերպ, Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,-ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը։
«Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը: Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»,-ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։